ԵՐՋԱՆԻԿ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ



Նորակառույց նավը ջուր իջեցնելիս շամպայնով լի շիշ են ջարդում նրա վրա:
Ամեն տարի աշխարհում հազարավոր շիշ շամպայն է այդպես ջարդվում: Սակայն ամենուրեք չէ, որ այդ խմիչքն է օգտագործվում: Հնդկաստանում նավի կողամասի վրա ջարդում են վիթխարի մի շիշ` կոկոսյան կաթով լի: Բրազիլիցիները նավն ընդունում են միայն այն բանից հետո, երբ տախտակամածը լվանում են նարնջի հյութով, պարսիկները` իրենց հարազատ լեռների հանքային ջրով: Սաուդյան Արաբիայի համար կառուցված տանկերը ցողում են Մեքքայից բերված ջրով:
Ինչպե՞ս է ծագել այդ սովորույթը: Այն, ըստ երևույթին, ծնվել է ծովային առաջին նավի հետ: Հայտնի է, որ այն գոյություն է ունեցել կրետացիների, էտրուսկների, շումմերների, հին եգիպտացիների, ասորեստանցիների մոտ: Զոհաբերություններ էին կատարում ի պատիվ ծովերի աստծո, որպեսզի նավը չխորտակվի փոթորկից, չնստի ծանծաղուտին և չընկնի ավազակների ձեռքը:
Հռոմիացիները իրենց առևտրանավերը ցողում էին գերի ծովահեննների արյունով, փյունիկցիները` գեղեցիկ ստրկուհիների: Այդպիսի արյունալի սովորություններ ունեին հին արևելքի  այլ ժողովուրդներ, ինչպես նաև նորմանները:
Միայն վաղ միջնադարում մարդկանցից անցան կենդանիների զոհաբերության, իսկ դա էլ փոխարինեցին կարմիր գինով, որը մեծ տկերից առատորեն լցնում էին տախտակամածի վրա:
Հոլանդիայում և Անգլիայում 15-րդ դարում գինին լցնում էին արծաթե գավաթներով, իսկ դատարկ ամանը գցում էին ծովը, միաժամանակ կրակելով թնդանոթներից:
Շշերը նավակողին ջարդելը Եվրոպայում սկսվել է մոտավորապես 1700 թվականից. սկզբում այդ գործը կատարում էին միայն տղամարդիկ, իսկ 1811 թվականից` միայն կանայք:

Комментариев нет: